Ես Ռոբերտ Քոչարյանի ասածից հասկացել եմ, որ եթե պնդում լինի, որ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն է եղել, առնվազն սկզբից պետք է հիմքերը վեր հանվեին, այլ ոչ թե սկսվեր նախագահից եւ նրան մեղադրանք առաջադրվեր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Դիտարկմանը, թե 2005 թվականի Սահմանադրության 56.1 հոդվածի համաձայն նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, դուք Սահմանադրության խախտում տեսնո՞ւմ եք եւ ընդհանրապես, ինչ հիմքերով կարող է նախկին նախագահին պատասխանատվության ենթարկել, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Սահմանադրությունը հստակ նախատեսել է, թե ՀՀ նախագահն ինչպիսի լիազորություններ ունի: Ավելին, Սահմանադրությունը, այդ թվում 2005-ին ընդունված, նախատեսել է, թե ինչ գործիքակազմ ունի նախագահը, որպեսզի իր լիազորությունները պատշաճ կյանքի կոչի: Արտակարգ դրություն հայտարարելը գործիքակազմ է, որը տրվել է նախագահին, որովհետեւ նրա խնդիրների մեջ նշված էր, որ նա պարտավոր է ապահովել ՀՀ անվտանգությունը:
Հենց այս լիազորություններից բխող ցանկացած գործողություն, այո, չի կարող ենթադրել հետագայում պատասխանատվություն այդ քայլերի համար: Դրանից դուրս, եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե, կարող են հետապնդել, բայց դարձյալ իր պարտականությունները դադարեցնելուց հետո»:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ սա շատ մտածված քայլ է, որովհետեւ հակառակ դեպքում ցանկացած նախագահ, ամենապատասխանատու պահին, երբ պետք է ռազմական դրություն հայտարարի, պետք է ընդհուպ պատերազմ հայտարարի, նա կարող է լինել կաշկանդված, ենթադրելով, թե ինչ տեղի կունենա վաղը՝ իշխանափոխությունից հետո. «Այդ նորմերը ամրապնդում են պետականությունը»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան: Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս պահին դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական վենդետա:











