Ես անկեղծորեն չեմ կարող մեղադրել կոնկրետ մեկին, եթե «Մարտի 1»-ի սպանությունները չեն բացահայտվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Դիտարկմանը, որ նախօերին իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ թող բռնեն նրանց, որոնք թույլ չեն տվել բացահայտել մարտի 1-ը, արդյոք սրանով սլաքները չեն ուղղվում Սերժ Սարգսյանի իշխանության կողմը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես այդպես չեմ ընկալել դա, կարծում եմ, ավելի շատ բաց եւ հռետորական հարց էր, որ եթե ինչ-որ մեկը համարում է, որ եղել են խոչընդոտներ ու արգելքներ, ապա նախեւառաջ պետք է պարզել, թե ով էր խոչընդոտում եւ ինչ արգելքներ են եղել»:

Հարցին, թե «Մարտի 1»-ի գործի չբացահայտումն ինչի հետ է կապում, նա արձագանքեց. «Ես կարծում եմ, որ այն իրավիճակը, որ ստեղծվել էր 2008-ի մարտի 1-ին, իսկապես շատ ծանր իրավիճակ էր, ես անկեղծորեն չեմ կարող մեղադրել կոնկրետ մեկին, եթե սպանությունները չեն բացահայտվել: Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելուն, իմ գնահատականն այդտեղ հետեւյալն է՝ իրավիճակն այդ օրերին Երեւանի կենտրոնում այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Սա իմ գնահատականն է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այդ բոլոր գործողությունները տեղի էին ունենում անմիջապես իմ տան միջակայքում»:

Նա անընդունելի համարեց հարցը, թե բացառո՞ւմ եք, որ իշխանությունը խոչընդոտել է գործի բացահայտմանը. «Չի կարելի նման հարց տալ իրավաբանին, որովհետեւ «դուք բացառում եք» հարցադրումը այնքան բաց է, որ ես ոչինչ չեմ կարող պատասխանել; Եթե մեկնաբանենք երկրորդ նախագահի խոսքը, նա ասում էր՝ եթե որեւէ մեկը նման փաստարկ ունի, ապա պետք է հետամուտ լինի այդ փաստարկի ապացուցմանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան: Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս պահին դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական վենդետա: