Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով 2 ամսով կալանավորելու որոշումն ապօրինի է: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ինչպես գիտեք, երեկ որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ե՛վ գործը, եւ՛ կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է: Սա այն է, ինչ վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա: Սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում, որեւէ իրավական հիմնավորում չունի:

Հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է մեղավոր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագ տեղի ունեցավ այս գործընթացը, որը կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ:

Ցավում եմ, որ ՀՀ պատմության համար այսչափ կարեւոր գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են մեկը մյուսից»,- ընդգծեց նա:

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ ՀՔԾ-ի վերաբերմունքը՝ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել որպես վկա, հետո արագ մեղադրանք առաջադրել, հետո արագ կալանավորել, այս երեւույթները խոսում են իրենք իրենց մասին, որոնք անգամ մեկնաբանելու կարիք չունեն: «Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի: Քրեական գործը, որ սարքվել է նրա դեմ, ապօրինի է, կապ չունի ՀՀ օրենքների հետ, ոտնահարում է Հայաստանի Սահմանադրությունը: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը եւ բողոքարկելու ենք քրեական գործերը»,-հայտարարեց նա:

Ռոբերտ Քոչարյանը երկու ամիս ժամկետով կալանավորվեց