Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ՀՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին մասնակցել են մեծամասամբ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ես ինչ-որ մի օր անուն առ անուն կտամ, զուտ էթիկական տեսանկյունից պատգամավորների հետ պետք է համաձայնեցնեմ, որ նրանք թույլ են տալիս իրենց անուններն ասեմ: Թեեւ ոչ մի գաղտնի ոչինչ չկա: Ասեմ, որ Դաշնակցությունից էլ ստորագրություններ կան»,- նշեց նա:
Սողոմոնյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ 45 ստորագրություն է հավաքվել: Հարցին, թե «Ծառուկյան» խմբակցությունից ստորագրահավաքին միացած պատգամավոր կա՞, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ շուտով կներկայացնի:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ստորագրությունները ներկայացրել են ՀՀ Վերաքննիչ դատարան եւ դատախազություն, միաժամանակ կոչ արեց դրա շուրջ ինտրիգ չստեղծել:
Դիտարկմանը, թե պաշտպանական կողմը դատախազությանը շատ բան է հանձնում, բայց ներկայացվածը հրապարակային չէ, Վիկտոր Սողոմոնյանը հակադարձեց. «Գիտեք՝ այդպես չէ: Երեկ, քանի դեռ ՀՔԾ պետը ելույթ էր ունենում, «Հայկական ժամանակ»-ի կայքը հրապարակեց, մի տեղեկատվություն, համաձայն որի՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Ինձ պատմում են, ես չեմ տեսել այդ տեքստը, բայց ինձ պատմում են տեքստը, որից բխում էր, որ լրագրողը ծանոթ է հետաքննչական նյութերին: Այլ կերպ ուղղակի չէր կարող դա գրել: Այդ նյութը տարածվեց, հայտնվեց տարբեր կայքերում, հետո կախարդական փայտիկի մմիջոցով այդ նյութը չքվեց, եւ դրա փոխարեն հետո հայտնվեց, որ Արմեն Գեւորգյանին է մեղադրանք առաջադրվել: Այնպես որ՝ բացարձակ այդպես չի, ես չեմ բացառում, որ որեւէ պետական մարմնում հայտնված որեւէ փաստաթուղթ հնարավոր լինի ավելի շուտ տեսնել մի թերթում, քան մենք կտեսնենք»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. նա 2 ամսով կալանավորված է: ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:











