Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հեղափոխությունից հետո լքել է Հանրապետական կուսակցությունը, եւ դեմ չէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերն անդամագրվելուն: ՀՀԿ-ին անդամագրվել էր քաղաքապետի ընտրություններից առաջ՝ լքելով ԲՀԿ–ն:

NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Ղալումյանն ասաց՝ կուսակցությունից կուսակցություն տեղափոխվելով փորձ է ձեռք բերում, բայց խուսափեց մանրամասնել, օրինակ, ՀՀԿ-ից ի՞նչ փորձ է ձեռք բերել։ Ասաց՝ քաղաքապետի պաշտոնում շարունակում է աշխատել, քանի որ ապրիլի 26-ին, երբ արդեն երեք օր հրաժարական էր ներկայացրել Սերժ Սարգսյանը, միացել է ժողովրդին:

«Չեն պահանջել իմ հրաժարականը, բայց ես առաջարկել եմ, երբ դպրոցի երեխաները, հիմնարկների աշխատողները երթով եկան քաղաքապետարանի դիմաց: Միաձայն կանչում էին՝ «Ղալումյա՛ն», ես մոտեցա իրենց, ասեցին՝ առաջարկում ենք, որ միանաք մեր շարժմանը, ես էլ ասացի՝ միանում եմ, եթե ժողովրդի ցանկությունն ա: Ամսի 26-ին էր»,- պատմեց քաղաքապետը։

Քաղաքապետը համաձայն է կարծիքներին, որ հեղափոխությունից հետո բարոյահոգեբանական մթնոլորտ է փոխվել, մարդիկ ուրախ են, ժպտում են: Ասաց՝ չի կարող չուրախանալ հեղափոխությամբ. «Ես նկատում եմ, որ ժողովրդի մոտ համատարած հույսն արթնացել է, եւ ես վստահ եմ, որ մարդիկ հույսով հավատով են լցված։ Ես ո՞նց կարող եմ մի հեղափոխության համար ուրախ չլինել, որ դա արել է ժողովուրդը»։

Վարդան Ղալումյանը մտահոգված չէ նոր իշխանության համատարած ստուգումների առիթով։ Հայտարարեց, որ իր ղեկավարած համայնքում կոռուպցիոն մեխանիզմներ չեն գործել: