Առեւտրի տարանջատման քաղաքականությունն ենք դնում, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, շաքարի շուկայում տիրող իրավիճակին:

Նրա խոսքով, կա մի քանի չափանիշը, նախ շաքարավազը սոցիալապես կարեւոր ապրանք է համարվում, երկրորդ, այն մատակարարվում է անձի կողմից, որն ունի գերիշխող դիրք առնվազն այդ շուկայում եւ որպեսզի չթելադրի իր ազդեցությունը նաեւ մանրածախ սեկտորի վրա, չսահմանափակի փոքր խանութներին իրականացնելու այդ առեւտուրը, պետք է տարանջատվի ներմուծումն ու մանրածախ առեւտուրը:

«Այս չափանիշների վրա է, որ իրականացվելու է նախ ապրանքային շուկաների ընտրությունը, երկրորդ, սուբյեկտավորման ընտրությունը, որովհետեւ շուկա կա, որտեղ ունենք 10-20 ներմուծող, բայց եթե ունենք մեկ, լավագույն դեպքում՝ 2 սուբյեկտ, որոնք շուկան բաժանել են իրար մեջ, այդ դեպքում իրականացնելու ենք ներմուծող կամ արտադրող եւ մանրածախ վաճառք իրականացնող սուբյեկտների հստակ տարանջատում: Ներմուծողն իրավունք  չի ունենա մասնակցել մանրածախ առեւտրին:

Նույն սուբյեկտով դա չի կարող իրականացնել, խաղի կանոնը պետք է հավասար լինի բոլորի համար: Կարեւոր չէ, թե ով է բաժնետեր, կարեւոր է, թե սուբյեկտն ինչ ազդեցություն է ունենալու շուկայում: Եթե ինքը եւ խոշոր ներմուծողն է կամ արտադրողն է, եւ նույն մանրածախ ցանցի միջոցով վաճառողը, պետք է տարանջատում լինի, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Նա ընդգծեց նաեւ, որ շաքարի շուկայում աշխատանքներ եք տանում երկրորդ ձեռնարկություններ ունենալու ուղղությամբ:

Նշենք, որ Հայաստանում շաքարի շուկայում գերիշխող դիրք ունի ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը: Ու այդ ընկերության կողմից ներմուծվող կամ արտադրվող շաքարավազը վաճառվում է նույն անձի ընտանիքին պատկանող սուպերմարկետների ցանցում: