Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 29/1 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչ, բեյրութահայ Արմինե Քոչարյանն ահազանգում է հանրակացարանում կատարվող գողությունների, ինչպես նաեւ իրենց տրամադրվող օգնության անպիտանության մասին։ Տիկին Արմինեն, ում ամուսինն իրաքահայ փախստական է, պնդում է, որ 5 տարի շարունակ հանրակացարանում գողություններ են կատարվում, որոնք այդպես էլ չեն բացահայտվում։
Այսօր լրատվամիջոցների հետ զրույցում կինն ասաց՝ գողություն կատարողներից մեկը «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի աշխատակից է, ում անձամբ ինքն է բռնել հանցանքի պահին:
«Իրաքահայ 4 ընտանիք է բնակվում այստեղ: Բոլորիս տանից էլ գողություն է կատարվել՝ հեռուստացույց, կենցաղային իրեր, դպրոցականի հագուստ: Ինչ պատահի՝ գողացել են։ Երկու անգամ բռնել եմ աշխատակցին եւ տեղեկացրել տնօրինությանը, բայց մինչեւ այսօր աշխատում են, որ բռնեն»,- ասաց նա։
Արմինե Քոչարյանը դժգոհ է նաեւ հատկացվող օգնությունից. «Ծիծաղելի օգնություն են մեզ տալիս՝ կապտած հավ, փտած տոմատ»: Բացի այդ, նրա խոսքով, իրենց տրամադրվող ապրանքներն ուռճացված գներով են ներկայացվում:
Հանրակացարանի բնակիչներից 58-ամյա սիրիահայ Աբրահամ Հայրապետյանն էլ, ով Հալեպից Երեւան է տեղափոխվել 2015 թվականին, բարձրաձայնեց իր կացարանի խնդրի մասին: Նշեց, որ երկու տարի բնակվել է հատուկ կացարանում, ինչից հետո իրեն հայտնել են, որ այլեւս չեն կարող ապահովել կացարանով։
«9 ամսվա բնակարանի վարձ են փոխանցել. 4 ամիս հետո ժամկետը կավարտվի, դրանից հետո որտե՞ղ եմ ապրելու։ Հանրակացարանի սիրիահայերից շատերը ցրվել, գնացել են: Մենք ուզում ենք տուն ունենալ, որ կարողանանք հաստատվել Հայաստանում»,- ասաց Աբրահամ Հայրապետյանը:
Նա նշեց, որ պետությունն ամենից շատ աջակցում է այն փախստականներին, որոնք ընտանիքներով են: «Ես ամուրի եմ, առողջական խնդիրների պատճառով չեմ կարող ֆիզիկական աշխատանք կատարել։ Այստեղ 12 ժամ աշխատացնում են եւ դրա դիմաց 3.000 դրամ փող տալիս»,- ասաց նա:
«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Մուրադ Մեժլումյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց ենթակայության տակ գտնվող հանրակացարաններում բնակվող շատ քիչ փախստականներ են դժգոհ կեցության պայմաններից։
«Պետությունն ու ՄԱԿ-ի գրասենյակը նրանց համար ապահովում են բնակության համար բոլոր պայմանները, որպեսզի կարողանան ինտեգրվե; հասարակությանը։ Գողությունների համար թող իրավապահներին դիմեն»,- ասաց նա: Մեժլումյանի խոսքով՝ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մեծ մասը փախստականներ են Իրաքից, Սիրիայից եւ այլ երկրներից։
Նշենք, որ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ սպասարկվող 6 հանրակացարաններում բնակվում է 682 ընտանիք, որոնցից 499-ը փախստականներ են, այդ թվում՝ ներգաղթյալներ Աֆրիկայից, Մերձավոր Արեւելքից:











