Ցանկացած օրենք պետք է լինի հումանիտար, օրենքը պետք է բացառի վհուկների որսը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Կառավարությունն այս նախագծով խստացնում եւ քրեականացնում է ընտրակեղծարարության որոշ հանցագործություններ:

«Եթե սկսենք խստացնել օրենքները, ապա պիտի մտածենք՝ ցանկացած օրենք ինչքան խիստ, այնքան լավ: Բայց, իմ կարծիքով, օրենքը պետք է նաեւ լինի հումանիտար, օրենքը պետք է բացառի վհուկների որսը։ Մեր բոլոր ընդունվող օրենքները պիտի այս դիտարկումը հաշվի առնեն»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ ընտրակեղծիքները բացառելու համար պետք է մարդկանց կենսամակարդակը բարձրացնել. «Շատ կցանկանայի, որ այսօր մեր ժողովուրդը եւ կառավարությունն ընտրությունների արդարության առումով սեւեռվեին հետեւյալ հատկանիշների վրա. Նիկոլ Փաշինյանը այսօր այդ խնդրի մասին ասել է, որ աղքատությունն է մեղավոր, որ մարդը կաշառք է վերցնում: Նա ճիշտ է, կառավարության համար մեկ խնդիրը պետք է լինի մարդկանց կենսամակարդակը բարձրացնելը, որպեսզի 10 հազար դրամը չդառնա ամենալավ թեկնածուն»։

Արամ Սարգսյանը շեշտեց՝ ընտրակաշառքը հետագայում լուրջ խնդիրներ է առաջացնում պետական կառավարման համակարգում. «Ովքե՞ր են ընտրակաշառք տալիս, այն մարդիկ, ովքեր նույն այդ ընտրակաշառքի արդյունքում հետո պետական պաշտոններ են զբաղեցնում եւ այդպիսով իրենց տված ընտրակաշառքը վերադարձնում են: Լուրջ խնդիր կա պետական կառավարման համակարգում կոռուպցիայի հետ կապված: Մեր երկրի պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ պետական պաշտոնյաները, պաշտոն ստանձնելով, մեծ հարստություն են դիզում։ Այս ուղղությամբ է նաեւ, որ կառավարությունը, հանրությունը մեծ ուշադրություն պիտի դարձնի, աշխատավարձով ապրող մարդն ընտրակաշառք չի տա»,- եզրափակեց պատգամավորը: