Եթե գործարարի մեծ եկամուտը պետությունն է ապահովել՝ մրցակցային հավասար պայմաններ ստեղծելով, ուրեմն եկամտահարկն էլ պետք է բարձր լինի, եթե հաջողությունը պայմանավորված է գործարարի անձով, ուրեմն պետությանը պետք է քիչ եկամտահարկ տալ. համահարթեցված մոդել առաջարկելով՝ պետությունը գիտակցում է, որ առայժմ հավասար պայմաններ չի ստեղծել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած եկամտահարկի երկու տարբերակները, որոնցից մեկը ենթադրում է մինչեւ 250 հազար դրամ աշխատավարձ ստացողից գանձել  20 տոկոս, իսկ 250 հազարից ավելի ստացողից՝ 25 տոկոս եկամտահարկ: Երկրորդ տարբերակը՝ սահմանել 23 տոկոս համահարթ եկամտահարկ բոլորի համար՝ ավելացրած շահութահարկի եւ դիվիդենտի հարկի հանրագումարը եւս 23 տոկոս։

Միքայել Մելքումյանը պարզաբանել է, որ ստվերային՝ ծրարով աշխատավարձերից կարելի է խուսափել, եթե եկամտահարկն ու շահութահարկը նույնը լինեն։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ, իր համոզմամբ, ավելի ընդունելի է համահարթեցված՝ 23 տոկոս եկամտահարկի տարբերակը, Միքայել Մելքումյանը պատասխանել է. «Այո՛, իր բոլոր թերություններով հանդերձ համահարթ տարբերակն ավելի նախընտրելի է: Այնտեղ պայման են դրել, որ ամեն տարի կես տոկոսով իջնի ու հասնի 20 տոկոսի: Գուցե այդ 5 տարվա փոխարեն ասենք 3 կամ 4 տարի ընդունենք, 0.75 տոկոսով իջնի, որ ավելի շուտ հասնենք կոնսենսուսային վիճակի»։

Անդրադառնալով վարչապետի խոսքին, որ աշխատող քաղաքացիների կեսից ավելին պետք է 400-800 հազար դրամ աշխատավարձ ստանան, տնտեսագետը կարեւորել է տնտեսական ագրեսիվ քաղաքականությունը։

«Ամեն ինչ կախված է տնտեսական զարգացման մակարդակից եւ այն փոփոխություններից, որ նախատեսվում են։ Իշխանությունը պետք է պարզ քայլերի հաջորդականությունը ցույց տա. քայլ առաջին, երկրորդ, ժամանակացույցով: Պետք չէ երկնչել եւ վախենալ, տնտեսական ագրեսիվ քաղաքականություն է պետք, որ ներդրումներ գան»,- ասել է Միքայել Մելքումյանը։

Միջազգային փորձից նա բերել է ԱՄՆ-ի օրինակը. բիզնես գործունեության սկզբում եկամտահարկը շատ բարձր է՝ 40 տոկոս, բայց հետո կտրուկ իջնում է։ Բացատրությունն այն է, որ պետությունը հաշվել է՝ մեծ եկամուտ ստանալու դեպքում գործարարը բարեկեցության հարցերը լուծել է, մնացորդը դառնում է ներդրման աղբյուր։ 

«Հիմա պետք է այնպիսի պայմաններ ստեղծել եկամտահարկի նոր օրենքի միջոցով, որ վիճակը շտկվի»,- եզրափակել է Միքայել Մելքումյանը։