«Սանիթեք» ընկերությունն այսօր ոչ պատշաճ է կատարում իր պարտականությունները եւ պարտավոր է արագ շտկել իրավիճակը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։
«Մենք մեր վարչարարությունը շարունակում ենք՝ կոշտ, բայց խնդիրը պետք է լուծի, ինքը՝ «Սանիթեքը»։ Ինքը պարտավոր է մինչեւ վերջ հետամուտ լինելու իր պայմանգրային պայմանավորվածությունների կատարման համար, ոչ ոք իրեն չի խանգարում էսօր, ինքը մատնացույց է անում այդ դժվարությունները, դրանք հասկանալի են, սակայն դրանք այն դժվարությունները չեն, որ պետք է հանգեցնեն ծառայության ձախողման։ «Սանիթեքը» պետք է ժամ առաջ հայցի երեւանցիների ներողամտությունը եւ ծառայություն մատուցի։ Այս խնդիրն է դրված «Սանիթեքի» առաջ։ Քաղաքապետարանը ամեն ինչ կանի, որ «Սանիթեքը» չձախողի»,-ասաց Կամո Արեյանը՝ հավելելով, որ իրենք դեռ հիմքեր չունեն լուծարելու պայմանագիրը ընկերության հետ։
Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարը քաղաքում ստեղծված իրավիճակը չի կապում Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ, տարածված խոսակցություններն էլ բանահյուսություն է համարում։
«Որեւէ իրեն հարգող օպերատոր չէր կարող նման բան թույլ տալ»,- ասաց Արեյանը՝ նշելով, որ քաղաքապետարանն էլ պետք է վերահսկի գործընթացը։
Նա նշեց, որ որ «Սանիթեք»-ը նույնպես իր մասնակցություն է ցուցաբերել շաբաթօրյակին, աղբատար մեքենաներ է տրամադրել, որպեսզի կարողանա տեղափոխել կուտակված աղբը։











