Ընտրվելու դեպքում իմ առաջին քայլը կլինի այն, որ Երեւանից որեւէ մեկն այլեւս որեւէ լումա չի գողանա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

«Եթե երեւանցին ինձ վստահության քվե տա, իմ առաջին քայլը լինելու է այն, որ այլեւս Երևանից որեւէ մեկը մեկ լումա չի գողանալու: Ես Ձեզ վստահեցնում եմ, կոռուպցիա չի լինելու: Այս հարցում ես լինելու եմ ավելի կոշտ, ավելի խիստ, քան ցանկացած ուժային կառույց կամ բոլոր տղամարդիկ միասին վերցրած»,- ասաց ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ինքը պատասխանատվությունից չի վախենում, վախենում է միայն սխալ քայլ անելուց. «Մեկ բանից եմ վախենում, որ չանեմ որեւէ քայլ, որի համար ամաչեմ նայել իմ հայրենակիցների աչքերին: Ասում եմ՝ չի լինելու կոռուպցիա, եւ սահմանվելու են խաղի նոր կանոններ»: