Մեր աջակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է իր հանդեպ հարուցված ապօրինի քաղաքական հաշվեհարդար հիշեցնող, սահմանադրականության հետ որեւէ աղերս չունեցող գործընթացի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք շահավետ կլինի ՀՀԿ–ի համար համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ վերջինս հայտ է ներկայացրել մասնակցել արտահերթ ընտրություններին։
«Այս պայքարը կամ աջակցությունը, լինելով բացառապես իրավական, նաեւ քաղաքական դաշտում է եւ սահմանափակվում է մեր աջակցությամբ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող ապօրինի գործողություններով»,–նշեց նա։
Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում, թե տեսեք` մենք Ռոբերտ Քոչարյանին ազատել ենք, միայն ընդգծում է այն հանգամանքը, «ինչից պաշտոնական քարոզչությունը վարչապետի գլխավորությամբ մինչեւ Մոսկվա այցը փորձում էր հրաժարվել կամ տպավորություն ստեղծել, որ այդպիսի օրակարգային հարց չկա»։
Նա հորդորեց պահանջել, որ կառավարությունը շիտակ աշխատի. «Կարծում եմ, որ մենք բոլորս միասին պետք է պահանջենք մեր կառավարությունից՝ վարչապետից հատկապես լինել մաքսիմալ շիտակ, ազնիվ հասարակության հետ, քաղաքական դաշտի հետ, պետական մարմինների հետ, որովհետեւ մենք այստեղ՝ ԱԺ–ում ինստիտուցիոնալ սահմանադրական մարմին, որին հաշվետու է նաեւ կառավարությունը։ Ես կուզենամ, որ այդ հարաբերություններում արտաքին քաղաքականության հետ կապված մանիպուլյացիաներ, բառախաղեր, տեղեկատվական օպերացիաներ չիրականացվեն, քանի որ դրանց կյանքը շատ կարճ է եւ միայն ընդգծում է խնդրի գոյությունը»,–եզրափակեց Աշոտյանը։
Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ խոսել է Ռոբերտ Քոչարյանի գործի մասին











