Դատավորը եթե ստանում է զանգ, եթե դատավորի հետ լինում է կոնտակտ, պարտավոր է դրա վերաբերյալ զեկուցել Բարձրագույն դատական խորհրդին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին լրագրողներին ասաց «Լույս» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ:
«Ես, որպես արդարադատության նախարար, չեմ միջամտել արդարադատությանը, նաեւ ձեռնպահ եմ մնացել իմ այն լիազորությունների կիրառումից, որը վերաբերում է կարգապահական վարույթներ հարուցելուն»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Նա նկատեց, որ չափազանց զգույշ պետք է լինել դատական իշխանության հետ, պետք է այն հզորացնել, որպեսզի իրականացնի իր սահմանադրական առաքելությունը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ժամանակ ԱԱԾ ղեկավարն ասել էր, որ դատավորի հետ հեռախոսով խոսել է եւ ցուցումներ տվել խափանման միջոց ընտրելու մասին: Ավելի ուշ, ՀՀ դատախազությունը հարուցել էր երկու քրեական գործ, որից մեկը՝ պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու դեպքի առիթով:
ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ











