Հավատացած ենք, որ առաջին անգամ Հայաստանում հնարավոր կլինի անցկացնել ազատ ու օբյեկտիվ ընտրություններ, որի արդյունքում մեր պետականությունը 1996 թվականի նախագահական ընտրությունների զեղծարարությունից հետո նոր հուն կմտնի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը:

Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում իրենք նախընտրական շտաբներ չեն ունենա, կլինեն մեքենաներով, եւ շեշտը կդնեն լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատանքի վրա:

Շիրինյանը ընդգծեց, որ նպատակ ունեն գաղափարական դարձնել ընտրարշավը. «Մենք պարտավոր չենք կլաններով քվեարկելու, որեւէ մեկի ճորտը չենք, եւ ոչ մեկն էլ իր գրպանում 500 ձայն չունի։ Ասենք մեկն ինձ առաջարկում է, գնալ հանդիպել, ասում եմ՝ չեմ գալիս, պարզ է չէ՞՝ առաջարկում են՝ գնանք, պայմանավորվել:

Եթե նորից գնալու ենք ազգովի ռեյտինգով ձայն ճարելու ճանապարհով, Սերժի ռեժիմը հետ է գալու: Միանշանակ իմացեք, ոչինչ չի ստացվելու, որովհետեւ հենց այստեղ է նախկին ռեժիմի ներկայացուցիչների հույսն ու հավատը։ Կարծում եմ՝ հեղափոխությունը պաշտպանած ուժերն այս հարցում պետք է լինեն շատ ավելի կազմակերպված»,- ընդգծեց Շիրինյանը։