Ես չեմ հասկանում ոմանց ոգեւորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, որը խիստ բարկացած էր։

«Ես չեմ հասկանում ոմանց ոգեւորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ: Իհարկե, Սասուն Միքայելյանը ինքն էլ զգաց, որ մի փոքր ոչ այնքան ճշգրիտ ձեւակերպում է արել, ոչ այնքան հաջող եւ ինքն էլ ուղղեց իր ձեւակերպումը՝ ասելով, որ ինքը նկատի ուներ, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարեւոր էր Արցախի, արցախյան ազատամարտի արդյունքներն արձանագրելու առումով եւ ոչ թե հակառակը: Եվ ես չեմ հասկանում այս ճշգրտումներից հետո, առավել եւս, ինչո՞ւ են ոմանք առանձնապես ոգեւորվել: Ես սկսեցի մտածել եւ հիշեցի մի- երկու խորհրդակցություն, որտեղ հայտարարեցի, որ թույլ չեմ,  տալու, որ զինվորի սապոգների, հագուստների, ուտելիքի վրա ապօրինի փողեր աշխատեն եւ այդ փողերով իրենց անձնական բարեկեցությունը ապահովեն»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր համար առավել զարմանալի է այն, որ այս ձեւակերպման մասին հայտարարություններ են անում նրանք, ովքեր տարիներ շարունակ ականատես են եղել բանակից կատարվող թալանին:

«Ես զարմանում եմ ոմանց հայտարարության վրա, ովքեր տարիներ շարունակ բերանները ջուր առած հետեւել են, ոմանք նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին, զինվորի բաժինը գողացողների հետ ընկերակից են եղել եւ մասնակից են եղել: Հիմա որոշել են մի հատ վատ ձեւակերպված նախադասության վրա քաղաքական աչոկներ հավաքել, թույլ չե՛մ տալու ձեզ: Զինվորի հացը գողացողները հերթով դատվելու են, եւ նրանք ոչ մի ներում չունեն: Էդ մի քանիսը, որ խնդրում- աղաչում են, որ իրենց դեմ հարուցված քրեական գործերը կարճվեն, եւ մենք ասում ենք, որ զինվորից գողացվածները պետք է հետ բերվի, իրենց թվում է, թե իրենց համար առիթ  է, որ ոգեւորվեն: Չոգեւորվեք ոչ մեկդ, նստեք հանգիստ տեղներդ եւ սպասեք, որ էն, ինչ որ մենք անում ենք, իրականություն դառնա եւ չստիպեք մեզ, որպեսզի մենք էդ թեմաներով ավելի բաց խոսենք: Հույս չունենաք, որ ներում կունենաք, ձեր ամեն թալանածի համար պատասխան եք տալու: Չմտածեք հանկարծ, որ մի նախադասության վրա կարող եք աչոկներ հավաքել  ու մտածեք՝ ժողովուրդը միամիտ է, կամ ձեր հայրենակիցներին սամասուդ անելով, քացու տակ տալով, իբր ազատամարտի պաշտպաններ եք: Էդ ազատամարտ եք արել, որ ձեր հայրենակիցներին քացու տակ տակ գցեք, ստորացնե՞ք, նվաստացնեք, չի ստացվելու»,- ասաց նա:

Փաշինյանը ընդգծեց, որ պետք չէ իրենց քաղաքավարությունը թուլության նշան ընկալել։

«Ձեզ հերթով անդրադառնալու ենք, այ սերմացու գողացող մկներ: Թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկեն, հատ- հատ ներկայացնելու ենք, թե էսօր ինչ են ուտում մեր զինվորներն ու ում թույլտվությամբ են ուտում, էդ մեծ-մեծ բրդողներին պետք է տանել, էդ ռագուներից ուտացնել: Զբաղվեք ձեր ծառայությամբ եւ չփորձեք հանկարծ քիթներդ խոթել քաղաքականության մեջ, Էդ սխալ ձեւակերպած նախադասության համար ես ներողություն կխնդրեմ հազար անգամ, եթե պետք լինի միլիոն անգամ, բայց թույլ չեմ տա դրա վրա որեւէ մեկը միավորներ հաավաքի: Էս հանրապետակամաֆիոզական տակից խաղեր տալը չի ստացվի, հանդարտվեք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սասուն Միքայելյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Թալինում ասել էր․ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց ես չեմ վարանի ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, այն հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, սակայն նախկին իշխանությունները թույլ չտվեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, մեր ժողովուրդը չպատկերացրեց՝ մարդիկ ինչի համար գլուխները դրեցին զոհասեղանին»։