Իրանի արեւմուտքում Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 780 մարդու, հայտնում է Tasnim-ը:

Գործակալության տեղեկություններով՝ երկրաշարժի հետեւանքով վնասվել է մինչեւ 300 բնակելի շենք:

Երկրի նախագահ Հասան Ռոհանին նահանգի իշխանություններին կոչ է արել երկրաշարժից տուժածներին անհապաղ օգնություն ցույց տալ եւ բոլոր հաստատությունները ներգրավել օգնության ցուցաբերման համար:

Ավելի վաղ հաղորդվում էր երեք քաղաքներում՝ Գիլյանգարբում, Ղասրե-Շիրինում եւ Սարե-Փոլե-Զոհաբում 716 տուժածի մասին:

Դրանից բացի, իրաքյան Rudaw հեռուստաալիքը հայտնել է Իրաքի Քուրդիստանում մեկ մարդու զոհվելու, եւս 43-ի տուժելու մասին:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տեղեկություններով՝ կիրակի իրանա-իրաքյան սահմանին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 16.37-ին: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորությամբ, էպիկենտրոնը՝ Բաղդադից 150 կմ հյուսիս-արեւելք եւ Սարե-Փոլե-Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորությամբ: