ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը։ Դատական նիստն ընդմիջվել էր երեկ՝ նոյեմբերի 27–ին։

Քոչարյանի փաստաբանական թիմը ժամանակ էր խնդրել դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու համար։

Նշենք, որ նոյեմբերի 27–ի դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երևույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: