ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը։

 NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նիստին մասնակցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 27–ին Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նախագահող դատավորին։

Քոչարյանի պաշտպանները համարում են, որ  գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ։  Մասնավորապես դատարանը չի ապացուցել, թե ինչ չափանիշով է գործը մակագրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Դատարանի նախագահի պաշտոնակատարը Քոչարյանի պաշտպաններին պարզաբանել էր, որ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով։

Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։

Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: