ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ Մարտի 1–ի գործով նախկինում կայացված դատական ակտերից որոշները կվերանայվեն։

Այսօր՝ նոյեմբերի 28–ին, հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ասում են, որ այս մեղադրանքով քննչական մարմինը կասկածի տակ է դնում արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատավճիռները,  Արթուր Դավթյանը պատասխանեց. «Զարմանալի կլիներ, եթե պաշտպանները համաձայնվեին, իրավական գործընթաց է, տարբեր կողմեր են, իրենք պետք է օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանեն։ Ինչ վերաբերում է դատավճիռներին, ապա պետք է նկատի ունենանք, որ Մարտի 1–ի գործի վերաբերյալ քրեական գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվում է 2008թ.–ի գործի փաստակազմից, այսինքն, ձեռք բերված տվյալները բացարձակապես այլ տեղեկությունների մասին են խոսում, եւ փաստակազմի էական տարբերության պայմաններում այսօրվա Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որեւէ հակադրության մեջ չի 2008թ.–ի քննված քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կայացված դատական ակտերի հետ։ Բացի դրանից, այսօրվա քննությամբ ձեռք բերված տվյալներն առանձին դեպքերում վկայում են նախկինում կայացված որոշակի դատական ակտերի վերանայման առերեւույթ հիմքերի մասին»։

Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ առանձին գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշումներ է հայտնել, ինչը նշանակում է՝ մենք կունենանք նախկինում կայացված առանձին դատական ակտերի վերանայման գործընթացներ. «Եվ ինչպես արդեն նշեցի, փաստակազմի էական տարբերությունը հակադրության մեջ չի դնում այսօրվա մեղադրանքի եւ նախկինում կայացված դատական ակտերի գոյությունը»։