Մեր կանխատեսումն այնպիսին է, որ այս իրավիճակում ձեւավորվող խորհրդարանը, մասնավորապես, «Մարտի 1»-ի կոալիցիոն ուժերի մասնակցությամբ, հին Սահմանադրությամբ, կրիմինալ բաղադրիչ ունեցող քրեական օրենսգրքով, չավարտված խնդիրների առկայությամբ, չի կարող ունենալ երկարատեւ կյանք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցին, թե ինչու են «Սասնա ծռերը» հայտարարում, որ նոր խորհրդարանը երկար կյանքի չի կարող ունենալ: Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկը իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ առկա պայմաններում ձեւավորվելու է այնպիսի խորհրդարան, որը չի կարողանալու դիմագրավել ծառացած մարտահրավերները. «Դրա համար մենք ներկայացրել ենք անցումային երկու տարվա ծրագիր: Այդ օբյեկտիվ հանգամանքներն են բերելու դրան, ոչ թե մենք ենք ուզում: Մինչ այդ պետք է փոխել ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը եւ այլն»:
Նրան հակադարձեց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ «Սասնա ծռերը» իրավունք չունեն ժողովրդի փոխարեն որոշելու, թե որքան կյանք ունենա խորհրդարանը, հատկապես, որ իրենց կուսակցության ներսում տարաձայնություններ կան:
«Մենք կանխատեսում ենք անում, կարծիք ենք հայտնում»,-արձագանքեց Վարուժան Ավետիսյանը:
Թեմային անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը. «Շատ կարեւոր է, որ քաղաքական կայունությունը բերի տնտեսական կայունության: Տնտեսական հողափոխությունը կարող է տեղի ունենալ քաղաքական կայունության պայմաններում: Իհարկե, եթե լինի անհրաժեշտություն, Սահմանադրությունը թույլ է տալիս գնալ արտահերթ գործընթացների: Մեր երկարատեւ տեսլականը պետք է լինի երկրում ժողովրդավարական, օրինականություն հաստատելը, որն իր հերթին բարենպաստ պայմաններ կստեղծի տնտեսական հեղափոխության համար: Պետք չէ տնտեսական ու ներդրումային սթրեսի նախապայմաններ ստեղծել: Հոռետեսական կանխատեսումները տեղին չեն: Կարծում եմ՝ ընտրված խորհրդարանը կաշխատի իր ամբոջ ժամկետում եւ ներդրումային լավ պայմաններ կստեղծի»,-ընդգծեց Փաշինյանը:
ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը նկատեց, որ այս հարցն օրակարգ է բերվել, որովհետեւ նախադեպային իրավիճակ գոյություն ունի. «Եթե դա հնարավոր է եղել մեկ անգամ, մարդիկ մտածում են՝ ինչու նորից հնարավոր չի լինի: Եթե պետք է մտածենք, որ անընդհատ հեղափոխություններ պետք է անենք եւ երկիրը պերմանենտ ցնցումների մեջ դնենք... Հիմա ինձ համար կարեւոր հարց է՝ իրենք ուզում են նույնկերպ հեղափոխություն անել՝ ոչ բռնի, թավշյա՞, թե՞ իրենց մոտ մի քիչ ուրիշ կարող է լինել, ավելի կոպիտ, ավելի բռնի»:
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն էլ նկատեց, որ որտեղ մեկ անգամ հնարավոր է եղել պարտադրել պատգամավորի քվեարկել կամ չքվեարկել խորհրդարանը լուծարելու համար, դա կրկնվելու է. «Ես այդտեղ մտավախություն ունեմ: Կարծում եմ՝ միակ լուծումը կլինի հավասարակշռված խորհրդարան ունենալը: Մենք այսօր տեսնում ենք կոնսենսուս, որ անգամ պարոն Փաշինյանի մտքերն են նույնիսկ մեջբերում: Շատ կարեւոր է, որ ԱԺ-ում հայտնվի այն ուժը, որը հավասարակշռելու է այդ ուժը: Եթե այսօր պարոն Փաշինյանը ամբողջությամբ փոխի իր ցուցակը, դրանից իր տոկոսը չի փոխվի: Փաստորեն, մենք ձեւավորում ենք ոչ թե մեկ ուժի, այլ մեկ անձի խորհրդարան: Եթե այնտեղ չլինի հակակշիռ, մենք ունենալու ենք լուրջ խնդիր»:
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը հիշեց, որ դեռ տարիներ առաջ Հիմնադիր խորհրդարանը իր բոլոր ծրագրերում ժամանակավոր նպատակներ էր դնում. «Երեւի ժամանակավորը ձեր բնավորության մեջ է: Ժամանակները փոխվել են եւ ինչ-որ հիմնավոր խորհրդարանին բնորոշ ծրագիր ներկայացրեք, դա ավելի օգտակար կլինի Հայաստանի համար»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը եւս դեմ է ժամանակավոր խորհրդարան ունենալու գաղափարին. «Պետք է այնպիսի քաղաքական համակարգ ձեւավորենք, որ այդպիսի խոսակցություններն անտեղի լինեն: Թե չէ դուրս է գալիս մեր ժողովուրդն էլ բան ու գործ չունի, ամեն երկու տարին մեկ ընտրությունների մասնակցի: Մենք այդ օրակարգին դեմ ենք լինելու»:
- «Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն». դեբատներ կոռուպցիայի եւ տնտեսության զարգացման շուրջ
- Ի՞նչ սպասել Արցախի հարցից՝ «լիֆտում» բանակցություններից հետո․ նախընտրական մեծ բանավեճ











