Գաղտնի 0038 հրամանը չէր կարող դրվել մեղադրանքի կամ կալանավորման հիմքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, այն թուղթը, որ գոյություն ունի, չի կարող համարվել հրաման, որովհետեւ ինքը չունի այդպիսի փաստաթղթի համար անհրաժեշտ պայմանները. «Եթե ՀՔԾ-ն թույլ տար մեզ, որ ձեզ ցույց տանք այդ հրամանը, ինքը էլ բան չէր ունենա ասելու, դրա համար թույլ չի տալիս, ինքն էլ ինչ ուզում ասում է: Ես հերթական անգամ կդիմեմ ՀՔԾ-ին, որ թույլ տա ինձ ձեզ ցույց տալ այդ հրամանը, որ այս շահարկումների վերջը տրվի:
Այն հրամանը, որ գոյություն ունի գործի նյութերի մեջ, դրա վրա չկա տարեթիվ ու ամսաթիվ, չկա հերթական համար եւ չի երեւում, որ դա այն փաստաթուղթն է: Այն, ինչ ներկայացված է դատարանին եւ տրված է նաեւ մեզ, դրա մեջ այդ ամենը չկա: Դատարանը չի կարող հավատալ ՀՔԾ-ին, հակառակ դեպքում՝ մենք կասենք, որ հավատա նաեւ մեզ: Դատարանն իրավունք ունի հավատալու միայն նրան, ինչը տեսնում է իր աչքերով: Հետեւաբար այդ տեսքով այդ փաստաթուղթը չէր կարող դրվել կալանավորման համար անհրաժեշտ ապացուցման ենթակա հանգամանքներից որեւէ մեկի հիմքում»,-ասաց Ալումյանը՝ հավելելով. «Ինչքան շատ բան իմանաք այդ հրամանի մասին, ավելի կհամոզվեք, որ դրանով մեղադրանքի որեւէ դրվագ կամ կալանավորման հետ կապված որեւէ հանգամանք հաստատվել չի կարող»:
Նա տեղեկացրեց, որ իրենց տրված տարբերակում այդ հրամանի այն հատվածները, որոնք ՊՆ-ի կողմից գաղտնի են համարվել, սեւացված են. «Բայց այնտեղ, որտեղ պետք է լինի ամսի, ամսաթիվ, տարեթիվ, նաեւ հրամանի համար, այդտեղ ոչ թե սեւացված է, այլ ուղղակի ոչինչ չկա: Այդ տողը լրացված չէ»:
Նույն խնդրի առնչությամբ պաշտպաններից Ռուբեն Սահակյանն ասաց. «Միշտ չէ, որ պետք է հավատալ ՀՔԾ-ին, նա մի քանի սուտ բաներ է ասել, որոնց մասին կխոսենք: Այդ 0038 հրամանն իր մեջ չի պարունակում տարրեր, որ կարելի է ասել, որ տապալվել է սահմանադրական կարգը: Այն, ինչ այնտեղ գրված է, այդ գործողություններով սահմանադրական կարգը չի տապալվում: Թե ինչ նպատակ է ունեցել այդ հրամանը, ՀՔԾ պետի մեկնաբանմամբ այլ տրամաբանություն ունեն, մեր մեկնաբանմամբ այլ բացատրություն ունեն: Սա մանիպուլյացիա է ընդամենը, որովհետեւ դուք տեղյակ չեք հրամանի բովանդակությունից, մենք էլ չենք կարող հրապարակել:
ՀՔԾ պետն ասում է, որ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որը կար 2008 թվականին, կարող է կատարվել 4 եղանակով: Ես ուզում եմ հարց տալ՝ այ հարգելիս, դու կարդալ գիտե՞ս: Արդյոք 2008 թվականին Քրեական օրենսգրքում եղել է հոդված, որը կոչվել է սահմանադրական կարգը տապալելը եւ որը կարող է կատարվել 4 եղանակով: Եթե ինքը կբերի այդ հոդվածը, ես դիմում կգրեմ կազատվեմ փաստաբանությունից կամ թող ինձ հեռացնեն:
Այստեղ է մանիպուլացիան, չի կարելի խաբել հասարակությանը: Քոչարյանը շատ վատն է, ինչ ուզում եք արեք իրեն, բայց մենք ուզում ենք, որ քրեական օրենսգրքի հոդվածի տառը մեկնաբանվի այնպես, ինչպես պահանջում է օրենքը: Չի կարելի անձին մեղադրել մի արարքի մեջ, որը ժամանակին քրեորեն պատժելի չի եղել»:











