Դաշնակցությունը չի շտապում հայտարարություն անել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 9-ին քվեարկությունից հետո ասաց Արմեն Ռուստամյանը, որը գլխավորում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՅԴ նախընտարական ցուցակը:

Նրա խոսքով՝ այս պահին քաղաքական հայտարարությամբ հանդես գալը ճիշտ չի լինի: «Ես չեմ ուզում գնահատականներ տալ՝ հարցը թողնելով իրավապահներին եւ դատարանին: Ամեն դեպքում մենք կհետեւենք գործընթացին»,- պարզաբանեց Ռուստամյանը:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննությունը շատ կարեւոր է, եւ ամեն ինչ պետք է արվի բծախնդրորեն՝ հարգելով օրենքի տառը: Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այս գործը լինելու է դատական համակարգի յուրատեսակ քննությունը:

«Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու հարց չէ, մենք շարժվում ենք նույն տրամաբանությամբ՝ անկախ քաղաքացների դիրքորոշումից: Եթե նա մեղավոր է, ուրեմն պետք է պատասխան տա: Պարզապես մենք ցանկացել ենք ընտրությունների ընթացքում քաղաքական հայտարարություններ չլինեն: Վստահ եմ՝ ժամանակին հայտարարություն անելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա: