Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը կշարունակվի: Ազգային անվտանգության ծառայության 100-ամյակին եւ Անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վանեցյանի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ թվով պետական մարմիններում կոռուպցիան բրգաձեւ է եղել: Կոռուպցիան հյուծում է պետության անվտանգությունը, բացասաբար է անդրադառնում պետական մարմինների գործունեության, երկրի իմիջի վրա:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ ծառայության վարույթում գտնվող նման 30 գործերով ստացված ապացույցների համաձայն՝ նախնական տեղեկություններով պետությանը հասցվել է 20 մլրդ դրամից ավելի վնաս: Այս միջոցների զգալի մասը վերականգնվել է: Բայց հիմքեր կան ենթադրելու, որ թվերը կարող են աճել՝ ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը, հայտնեց Վանեցյանը: «Չափազանցություն չի լինի ասել, որ կոռուպցիային պատերազմ է հայտարարվել, եւ մենք որոշակի հաջողությունների ենք հասել»,- շեշտեց ԱԱԾ տնօրենը:











