Ճգնաժամի դեպքում ոչ միայն չպետք է տուրքերը բարձրացնել, ընդհակառակը՝ պետք է իջեցնել, զրոյացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը՝ մեկնաբանելով Երեւան քաղաքում տուրքերի բարձրացման առաջարկի մասին։
«Մենք առայժմ տեսնում ենք, որ շատ ծանր քննարկումներ են գնում, մենք տուրքերի եւ վճարների մասով մեր դիրքորոշումը հայտնել ենք, կտրուկ դեմ ենք տուրքերի բարձրացմանը, որովհետեւ մենք մեր ձեռքով ոչնչացնում ենք այն, ինչ բյուջետաձեւավորող կազմակեպություններ են, խոսքը միջին եւ մանր բիզնեսի մասին է, առհասարակ ճգնաժամի դեպքում ոչ մի կերպ չի կարելի տուրքերը բարձրացնել, ընդհակառակը՝ պետք է իջեցնել, զրոյացնել, որովհետեւ Աստված ոչ անի, եթե մարդիկ չկարողանան այս բեռի տակից դուրս գան, պարզապես ստիպված են լինելու փակվել, իսկ այդ պարագայում մարդիկ են անգործ մնում եւ ունենում ենք արտագաղթ, սոցիալական շատ լուրջ խնդիրներ, այդ մարդկանց սոցիալական բեռը անցնում է պետությանը։ Չի կարելի մի կոպեկ անգամ բարձրացնել»,–ասաց նա։
Բյուջեի մասով, Արման Աբովյանը հայտնեց, ունեն հստակ դիրքորոշում. «Սակայն, թե՛ քաղաքապետը, թե՛ մեր գործընկերները որոշակի անակնկալներ են մատուցում, նույն այդ վճարների մասով, որ դիֆերենցված համակարգ են ուզում մտցնել, մենք կլսենք, բյուջեի քվեարկության ժամանակ կարտահայտենք մեր դիրքորոշումը»։











