Երեւանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայությունների վճարները։
Մասնավորապես, Երեւանի ենթակայության երաժշտական, կերպարվեստի եւ արվեստի դպրոցներում, արտադպրոցական դաստիարակության հաստատություններում ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների համար մեկ երեխայի հաշվարկով գործիքային բաժնում ուսուցումը 17500 դրամի փոխարեն սահմանվել է 20300 դրամ, երգեցողության ուսուցումը 15000 դրամի փոխարեն սահմանվել է 19300 դրամ, պարարվեստի ուսուցումը 13000 դրամի փոխարեն՝ 15000 դրամ, կերպարվեստինը՝ 9000–ից կդառնա 9300, թատերարվեստի ուսուցումը 8000 դրամից՝ 8300 դրամ։
Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյան ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է Կրթության եւ գիտության նախարարի 2018թ. հուլիսի 30–ին ընդունված հրամանով։
Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ նախկինում, երբ քննարկվել է վճարները բարձրացնելու հարցը, «Ելք» խմբակցության կողմից տեսակետ է հնչել, որ վարձավճարի գումարների բարձրացումը վնասելու է երաժշտական դպրոցներին եւ հարակից համայնքներից եկող երեխաների համար այդ ցուցանիշն այնքան անհամաչափ է, որ նրանք դադարելու են օգտվել այդ ծառայություններից։
«Այդ մտահոգությունը բարձրացնում էր «Ելք» խմբակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը եւ մենք այդ տեղական վճարների վերաբերյալ նախագծին դեմ քվեարկեցինք»,– ասաց նա։ Խաժակյանը Մարությանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա ծանոթացել է Արայիկ Հարությունյանի այդ տեսակետին, եւ ի՞նչ հիմնավորմամբ է այդ նախագիծը նույն տեսքով ներկայացվել։
«Պարոն Հարությունյանի տեսակետին չեմ ծանոթացել. ծանոթացել եմ մտահոգություներիին։ Այո, օրենքով ծայրամասներում գտնվող երաժշտական դպրոցների վարձավճարը բարձրացել է, բայց այս պահին իրենց մասով կոմպենսացիա է տրվում եւ իրենց համար դե ֆակտո թանկացում չկա»,– ասաց Մարությանը։











