Սիցիլիայում Էթնա հրաբուխն ակտիվացել է: Իտալացի սեյսմոլոգները գրանցել են 130 ստորգետնյա ցնցումների շարք: Ամենահզոր ցնցումները հասել են 4 բալի, փոխանցում է NTDTV-ն: 

Էթնայի խառնարանի հարավ-արեւելքում ցնցումների հետեւանքով նոր ճեղք է առաջացել: Ճեղքից դուրս է եկել ծխի եւ մոխրի վիթխարի սյուն, որը տեսանելի է տասնյակ կիլոմետր հեռավորությամբ:

Կատանիայի օդանավակայանը ժայթքման պատճառով աշխատում է սահմանափակման ռեժիմում: Իշխանությունները շտապ տարհանել են հրաբխին վտանգավոր մերձավորությամբ գտնվող զբոսաշրջիկներին: Իրավիճակի վատթարացման դեպքում հարակից գյուղերի բնակիչները պատրաստ են տներից հեռանալ:

Մասնագետներն, ի դեպ, այս անգամ ուժգին ժայթքում չեն սպասում: Նրանք խոստանում են, որ հրաբուխը շուտով կհանդարտվի:

Էթնան ծովի մակարդակից 3300 մետր բարձրություն ունի: Սա Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է: Մակերեսը հասնում է 1200 քառ.կմ-ի: Սա 2,5 անգամ մեծ է Վեզուվի մակերեսից:

Էթնան ծածկված է հարյուրավոր կողմնային հրաբխային խառնարաններով: Գրեթե երեք ամիսը մեկ այս կամ այն խառնարանից լավա է ժայթքում: Այդուհանդերձ, խոշոր ժայթքումները հազվադեպ են: Վերջինը տեղի է ունեցել քառորդ դար առաջ: