ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ն իրեն վերապահված մի շարք գործառույթներից բացի, իրականացնում է նաեւ ճանապարհաշինության եւ շինանյութերի փորձաքննություն։
նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջին շրջանում ՊՈԱԿ-ում սարքավորումների վերազինման գործընթաց է սկսվել։ Գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռք են բերվել ճանապարհների հարթությունը չափող ժամանակակից սարքավորումներ, ճանապարհների ինտենսիվության հաշվիչներ: Մոտ ժամանակներում լաբորատորիան կհամալրվի նաեւ նորագույն սարքավորումներով:
Հարթությունը չափող 3 նոր մեքենաներից 1-ը վերազինված է 6, 2-ը՝ 1 լազերային ընդունիչներով։ Երբ մեքենան անցնում է նորոգված ճանապարհով, վեց լազերները հասցնում են վայրկյանում 20 հազար հարված կատարելով գրանցել եւ մեքենայում տեղադրված համակարգչին փոխանցել ճանապարհի պատվածքի հարթության միջին ցուցանիշը՝ յուրաքանչյուր 100 մ–ի համար։ Ըստ սահմանված չափորոշիչների՝ միաշերտ ասֆալտի դեպքում հարթության միջին ցուցանիշը պետք է լինի մինչեւ 3,5մմ, երկշերտի դեպքում՝ 2,5մմ։
Նորոգված ճանապարհների հարթությունը չափվում է բացառապես չոր եղանակային պայմաններում, քանի որ անձրեւի դեպքում լազերային հարվածները ոչ թե ճանապարհի, այլ ջրի մակերեւույթի շերտից են կատարվում եւ ճշգրիտ ցուցանիշ չեն ապահովում։
Ընկերության հաշվեկշռում ամրագրված ինտենսիվության հաշվիչներն առայժմ 30-ն են։ Դրանք տեղադրված են միջպետական նշանակության մի շարք ճանապարհահատվածներում։ Այդ սարքերի միջոցով չափվում եւ տեսակավորվում են տվյալ ճանապարհահատվածով անցնող տրանսպորտային միջոցները, որոշվում է ճանապարհային ծածկի վրա դրանց ներգործության չափը։
Ընկերությունում տեղադրված համակարգչին միացված սարքերի միջոցով փոխանցվում են գրանցված տվյալները, նաեւ առցանց եղանակով հնարավոր է հետեւել տվյալ ճանապարհների երթեւեկությանը։
Մուտքագրված տվյալների հիման վրա մշակվում է ճանապարհների վերականգնման ռազմավարությունը, մայրուղիների զարգացման եւ կառավարման տնտեսական մոդելը, ըստ այդմ՝ որոշվում են ճանապարհների հիմնանորոգման եւ նորոգման անհրաժեշտություն ունեցող հատվածները։
Հիմնանորոգվող ճանապարհների որակը ստուգելու համար իրականացվում է նաեւ հանուկի բաղադրության ստուգում, որը ներառում է ճանապարհածածկի տարբեր բաղադրանմուշների, այդ թվում՝ նաեւ հանուկի փորձարկումներ։ Դրանց հիման վրա որոշվում է ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը եւ եթե շեղումներ են հայտնաբերվում, շինարարն իր միջոցներով նորից ասֆալտապատում է։
Բացի ճանապարհաշինական որակի հսկողությունից, իրականացվում է նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային եւ ընթացիկ ձմեռային սպասարկում:
Ձմռանը, երբ ճանապարհաշինական աշխատանքներում ժամանակավոր դադար է, «Հայավտոճանի» կարեւորագույն գործառույթներից է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների կազմակերպումը։
ՀՀ միջպետական 1759 կմ եւ հանրապետական նշանակության 1964 կմ երկարությամբ ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացվում է 34 ճանապարհաշինական ընկերությունների կողմից։











