ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց հավաքված մի խումբ էջմիածինցիներ շամպայն բացեցին ու տեղում շնորհավորեցին միմյանց՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումը համարելով հաղթանակ նախկին ռեժիմի նկատմամբ:
Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս պահին մեկնում են Էջմիածին, այնտեղ հրապարակում խորոված կանեն եւ կշարունակեն տոնել Մանվել Գրիգորյանի կալանավորումը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները հետամուտքով են լքել դատարանի շենքը եւ լրագրողները դատարանի որոշման վերաբերյալ նրանցից չկարողացան մեկնաբանություն ստանալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի գլխավորությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու վերաբերյալ՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:











