Հիմնական խնդիրը, որ մենք ունենք հացադուլի եւ ընդհանրապես մահվան դեպքերի կապակցությամբ, այն է, որ մենք չունենք մահվան ելքով միջադեպերը կանխելու ընդհանուր ռազմավարություն։ Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արամ Թաթոյանը։
Նրա խոսքերով, այս հարցերով բոլոր գործերը սահմանափակվում են միայն մասնավոր դեպքերի քննարկումներով, ինչը բավարար չէ եւ անթույլատրելի է սկզբունքորեն։
«Յուրաքանչյուր դեպքից հետո, եթե դրանք, ցավոք, կատարվել են, անհրաժեշտ է վերլուծել՝ ինչու դա տեղի ունեցավ, հասկանալ՝ ինչ պայմաններ են նպաստել դրան, հասկանալ, վերջապես, որն է պատճառը»,- պարզաբանեց Թաթոյանը։
Ընդ որում, Թաթոյանը նշեց, որ խնդիրներ կան նաեւ բժշկական ծառայություններ մատուցելու համակարգում, հատկապես՝ քրեակատարողական հիմնարկներում, թեեւ որոշակի աշխատանքներ տվյալ հաստատությունների աշխատակիցների հետ պարբերաբար անցկացվել են։











