ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բաղդասարյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի՝ Գևորգյանին կալանավորելու  ՀՔԾ-ի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազությունը։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Մասնավորապես Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Նշենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: