Մանրամասն պարզաբանում տրվեց պարգեւատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որը հրապարակման ենթակա է: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նշենք, որ նրան հրավիրել էին խմբակցության նիստին՝ կապված ՊԵԿ աշխատակիցներին աստղաբաշխական պարգեւավճարներ տալու հետ:
Նրա խոսքով, այն տվյալների վերաբերյալ, որոնք պաշտպանված են անձնական տվյալների մասին օրենսդրությամբ, եղավ հպանցիկ քննարկում:
«Դռնփակ նիստում աշխատանքային կարգով իրականացված քննարկում էր, որի վերաբերյալ ասացի այն, ինչ ասացի»,-ասաց Անանյանը՝ խորհուրդ տալով հարցերն ուղղել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:
«Մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, մենք քննարկել ենք»,-ասաց Անանյանը:
Հարցին, թե կարողացա՞վ հիմնավորել, թե ինչու են այդպիսի բարձր պարգեւավճարներ տվել, ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ հիմնավորելու խնդիր չկար. «Կար պարզաբանելու խնդիր: Ես չեմ կարող ասել, իրենք բավարարված էին, թե ոչ: Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ: Այո, պարգեւավճարները կատարվել են օրենքի տառին համապատասխան»:











