Փողոցներում սնունդ վաճառող առևտրականներն այսօր՝ հունվարի 29-ին, կրկին բողոքի ակցիա իրականացրին Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում էին կամ իրենց հատկացնել խոստացված տաղավարները, կամ թույլատրել շարունակել բացօթյա վաճառքը: Նրանց խոսքով` քաղաքապետարանի առաջարկած տարածքներում հնարավոր չէ վաճառել սննդամթերք, քանի որ այդ տարածքներում առևտուր չի լինում: «Միլիցեքն էլ ասում են` ի՞նչ անենք, ախպեր, քաղաքապետը հրաման ա տվել, պիտի անենք: Իմ էրեխուն հետաքրքի՞ր ա` տեղ կա, չկա. ինքն ուզում ա հաց ուտի»,- մի ցուցարար պատմեց NEWS.am-ին:

Նրանցից մեկն, ով ներկայացավ` որպես Լիզա Ճաղարյան, պատմեց, որ երբ ինքն ասել է, որ իրենց արգելում են փողոցում վաճառել, իսկ որոշ հասցենեում` Կորյուն 9-ում, Աբովյան 42-ում, աստիճանաբար ընդլայնվում են «ոմանց» վաճառքները, քաղաքապետարանի մի աշխատակից խիստ զայրացել է ու իր կոկորդից բռնած մի կողմ է հրել: Ցուցարարների խոսքով` բազմիցս թեժ գիծ են զանգել, սակայն իրավիճակը չի փոխվում. նրանք շարունակում են վաճառել, իրենց շարունակում են թույլ չտալ ու տուգանել․ «2 հազարը դառել ա 15 հազար. ես իմ  խնձորով օրը 3 հազար պիտի աշխատեի, հիմա ինչ անեմ, որ էդքան 15 հազար փակեմ»:

Ցուցարարները նշեցին, որ պատրաստվում են վաղը կրկին բողոքի ակցիա անցկացնել կառավարության դիմաց` պահանջելով, որ իրենց բողոքներին արձագանքի և իրենց ընդունի վարչապետը: