Քաղաքացիական ծառայության ընդհանուր համակարգի վերանայման կարիք կա։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրենքում պետական պարգեւավճարների վերանայման անհրաժեշտության մասին հարցին։
Նա կարեւոր է համարում հարցի բարոյական կողմը, սակայն կարծում է, որ պետք է աշխատավարձերը մոտեցվեն մասնավոր սեկտորին՝ այդպիսով, նպաստելով պետական համակարգի կայացմանը. «Բարոյական կողմի վրա միանշանակ պետք է ուշադրություն դարձնել, սակայն եթե մենք իրապես ցանկանում ենք կայացնել մրցունակ պետական համակարգ, մենք պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաեւ պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին եւ մրցունակ դարձնենք, որպեսզի լավագույն կադրերը ինչ–որ մի փուլում չգնան մասնավոր սեկտոր»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018 թվականի վերջին շռայլ պարգեւավճարներ են տվել իրենք իրենց եւ իրենց աշխատակիցներին։ Երեւանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները եւս շուրջ 500 մլն դրամի պարգեւավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաեւ ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկության` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 եւ ավելի միլիոն դրամ են ստացել։











