«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը չի բացառում, որ ընկերությունը դատարան կդիմի կառավարությունից իրենց կրած կորուստների փոխհատուցում ստանալու համար։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Ամուլսար տանող ճանապարհները դեռևս մնում են ապօրինաբար փակ։
Արմեն Ստեփանյանը նշեց, որ «Լիդիանը» չէր սկսել շահագործումը, շինարարական աշխատանքներ էին իրականացվում, որոնք, սակայն, ճանապարհների ապօրինաբար փակման պատճառով դադարեցվեցին. «Ամուլսար տանող ճանապարհը փակվել է հունիսի 22-ից»։
Ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահը շեշտում է՝ մեծ կորուստներ է կրում ընկերությունը. «Նոր փակված ժամանակ, իհարկե, ավելի մեծ էին կորուստները, քան հիմա։ Ընթացքում շուրջ 1300 աշխատակից այսօր զրկվել է աշխատանքից, հանրագումարային կորուստները մեծ են, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը»։
Նա չբացառեց, որ դատարում կփորձեն կառավարությունից փոխհատուցում ստանալ կրած կորուստների համար. «Բոլոր օպցիաները բաց են։ Ամեն ինչ հնարավոր է»։
Նրա համոզմամբ՝ «Լիդիան Արմենիայի» դեմ տարբեր մանիպուլիատիվ տեսանյութեր են օգտագործվում և փորձ է արվում մարդկանց վախեցնելու. «Պարզ օրինակներից մեկը մարդկանց պոչամբարով վախեցնելն է, երբ որ Լիդիան Արմենիան երբեք Ամուլսարի նախագծով պոչամբար չի ունենալու: Այսօր տարբեր մանիպուլյատիվ գործիքներ են օգտագործովում, վախի միջոցով մարդկանց մեջ տարբեր հարցեր են բարձրացվում»։
Արմեն Ստեփանյանի խոսքով՝ բնապահպանների ակցիաները մասամբ ուղղորդված են: «Մենք կարծիք ունենք, որ կա մասամբ նման բան, բայց պատկան մարմիները պետք է խորությամբ ուսումնասիրեն: Այդ հարցը բոլորին է այսօր հետաքրքրում, թե այդ ոնց եղավ»,–եզրափակեց նա։











