Եթե Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատումը կապված լիներ Ամուլսարի եւ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, ապա շուտ պետք է արվեր։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը։

«Մենք նրա ազատումը որեւէ կերպ չենք կապում մեր գործունեության հետ»,–նշեց նա։

Ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահի խոսքով՝  Արթուր Գրիգորյանի հետ շփումները աշխատանքային են եղել. «Օրենքով սահմանված կարգով, երբ մենք վիճարկել ենք որոշում կամ ինչ–որ հանդիպում է պետք եղել, լսումներ, քննարկումներ, մենք այդ ձեւաչափով բազմաթիվ անգամներ հանդիպել ենք, նոերմալ միջավայրում քննարկումներ են եղել» ,–հավելեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գրիգորյանն ազատվել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ նպատակահարմար չեն համարել նրա պաշտոնավարումը։