Խորհրդատվական ընկերությունները դեմ են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված Հարկային նոր օրենսգրքի նախագծի 33-րդ հոդվածին, ըստ որի՝ խորհրդատվական ընկերությունները շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունքի սահմանափակում են ունենալու, ինչպես նաև վճարելու են ԱԱՀ:
Այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանն ասաց, որ պայքարելու են նախա դեմ, հակառակ դեպքում իրենց եկամուտները կպահեն դրսում. «Շատերս, աշխատելով միջազգային կազմակերպությունների հետ և ծառայություններն արտահանելով դրսում, կփորձենք մեր եկամուտներն էլ պահել դրսում, ինչն ավելի մեծ հարված կհասցնի պետբյուջեին: Մեր եկամուտները երբեք չեն վճարվի Հայաստան»,-ասաց նա:
Նրա կարծիքով՝ օրինագծի ամենավիճելի դրույթը ոլորտի թիրախավորումն է, որովհետև բացարձակապես չի հասկացվում, թե ինչու պետք է իրավաբանների, խորհրդատուների, փաստաբանների և հաշվապահների համար հարկային արտոնությունները լինեն անհասանելի, ինչու պետք է բոլոր ոլորտներում լինեն խոշոր, միջին, փոքր բիզնեսներ, բայց խորհրդատվության ոլորտում բոլորը պետք է աշխատեն միայն ԱԱՀ-ով. «Հատկապես առանձնացնում են հաշվապահների մասով՝ նշելով, որ 70 տոկոս հաշվապահներն աշխատում են ստվերում: Նույնիսկ ստանալով բարձր աշխատավարձեր՝ ձևակերպվում են որպես ԱՁ, վճարում են ավելի քիչ հարկեր: Չի կարելի ընդհանրական մեկ գիծ քաշել բոլորի համար»:
Տիկին Մեսրոպյանի խոսքով՝ նման ձևով ոչ թե ստվերի դեմ են պայքարելու, այլ ստիպելու են, որ ընկերությունները դեպի ստվեր գնան:
Նա ասաց, որ եթե օրենքի նախագիծը դրվի քվեարկության կամ ընդունվի, ապա իրենք պայքարելու են իրենց իրավունքների համար. «Ես ինքս անձամբ և մեր ասոցիացիան, որն ունի 30 անդամ և 200 փորձագետ, կպայքարենք մեր շահերը պաշտպանելու համար»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է հաշվապահներին, իրավաբաններին, փաստաբաններին, խորհրդատվական ընկերություններին շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունքի սահմանափակում:











