Այսօր նախագահի նստավայրում կառավարության անդամները երդվեցին բարեղճորեն կատարել պարտավորությունները, նախ երդվեց վարչապետը, ապա փոխվարչապետերը, նախարարները։
Փաշինյանը, երդվելուց հետո, մի քանի կարևոր հարցի պատասխանեց։ Երբ դեռ նոր էր ընտրվել, խոսում էր գազը էժանացնելու հնարավորության մասին, հիմա խոստանում է՝ նույն գինը թողնել․ ինչու ակնկալիքներն այդքան զուսպ դարձան։
Լրագրողներից մեկը հիշեցրեց՝ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր Կարգին հաղորդումից Պետոյի օրինակով քննադատում էր իշխանությունների անգործությունը, հիմա ինչ է արվում, երբ Պետոներ չկան։
Ընդդիմադիր Փաշինյանը քննդատում էր նաեւ սուպերվարչապետությունը, վարչապետ Փաշինյանը չի շտապում լիազորությունները զիջել՝ մեկ օրում եթե հրաժարվի, ասաց, իշխանությունը կաթվածահար կլինի, 3-4 տարի է պետք։
Աստղաբաշխական պարգեւավճարումների մտահգությունը հասել է կառավարություն․ խնդիրը, Փաշինյանն ասաց, ֆիքսել են։
Աբովյանի «Պարտեզ» ռեստորանի մոտ արյունոտ միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ մամուլի՝ նախկին պատգմավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» որդին՝ Շանթը, Աբովյանի վուլկանիզացման կետում վեճի է բռնվել, լուրը հասցրել են Ծառուկյանի որդուն՝ Նվերին։ Նա էլ իր թիկնազորին է ուղարկել, վեճը շարունակվել է «Պարտեզ» ռեստորանի մոտ։ Գործի են դրվել մի քանի տեսակի զենքեր՝ «Մակարով» և «TT» ատրճանակներ, որսորդական հրացան, տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ։ 1 հոգի՝ 30-ամյա Արտաշես Գևորգյանը, սպանվել է, 7 հոգի վիրավորվել։ Բախումը կազմակերպելու կասկածանքով Նվեր Ծառուկյանին բերման են ենթարկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, նա մի քանի ժամ բացատրություն է տվել, ապա բաց է թողնվել, ըստ մամուլի, վերևներից իջած հրամանով ։ Գործով 3 ձերբակալված կա, նրանցից մեկը «Շշի Մելոյի» 24-ամյա որդին է, հայրը՝ Մելիք Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում անմհիմն համարեց նրա ձերբակալությունը։
Ի դեպ, այսօր աշխատանքից հեռացվել են Կոտայքի ոստիկանապետն ու Աբովյանի բաժնի պետը։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հեռացման պատճառները չեն մանրամասնել, միայն ասել են, որ կադրային փոփոխություններ ոստիկանությունում մշտապես են լինում։
Թուրքական կիսալուսին՝ հայկական դպրոցների վրա․ հունվարի 29-ի վաղ առավոտյան թուրքերը Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցների դարպասների ու աստիճանների վրա իրենց երկրի դրոշն են փակցրել : Ֆերահեան վարժարանի ցանկապատերին եւ տարածքում կախվել են 11, իսկ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանին բաժին է հասել 2 թուրքական դրոշ։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է դիմակավորված մի անձ կախում դրոշները։ Արդեն առավոտյան աշակերտները հեռացրել են թուրքական դրոշներն ու փոխարենը կախել հայկական դրոշներ։ Միջադեպով զբաղվում է ոստիկանությունը։
Դոլարի փոխարժեքը գրեթե անփոփոխ է, այսօր կազմել է 486 դրամ, եվրոն 556 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 637, ռուսական ռուբլին եւս կայուն է, փոխարժեքը կազմել է 7 ու 37 դրամ:
Հունվարի 31-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը զգալի փոփոխություններ չի կրի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +7+9։











