Գյուղատնտեսության կշիռը տնտեսության մեջ շարունակում է 27-30 տոկոս լինել։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը։
«Ընդհանուր տնտեսության մեջ գյուղատնտեսության ոլորտը վերամշակումն էլ հետը 27-30 տոկոս է կազմում։ Սրանք առաջնային արտադրանքի թվերն են, մենք չունենք ռեգիստրոցիոն համակարգեր, որ կարողանանք 100 տոկոսով պատկեր ունենանք, ուստի օպերատիվ տվյալներն ենք հայտարարում»,–նշեց նա՝ շեշտելով, որ արտառոց ոչ մի բան չի փոխվել, նախկինում էլ է գյուղատնտեսության կշիռը 27-30 տոկոս եղել։
Գեղամ Գեւորգյանը հայտնեց նաեւ, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները նոյեմբեր ամսին ոչ բոլոր կատեգորիաներով են նվազել, իսկ դեկտեմբերի տվյալները նա դժվարացավ նշել. «Արտահանման ծավալները նոյեմբերին նայած որ կատեգորիայով են նվազել, որովհետեւ պտուղ–բանջարեղենով ավելացել են»։
Հարցին, թե ինչ է փոխվել գյուղատնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն ընդգծեց, որ կան հստակ փոփոխություններ. «Նոր ռազմավարություն ենք մշակել, որտեղ շեշտը դրվել է ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ենթակառուցվածքների վրա, բայց դա չի նշանակում, որ այն նախագծերը, որոնք ըստ մեզ ունեն արդյունավետություն, չեն շարունակվելու։ Շարունակվելու են ե՛ւ կաթիլայինը, ե՛ւ հակակարկտային ցանցերը»։
Նա հավելեց՝ չի փորձում նախորդ նախարարների ծրագրերը վերագրել իրեն, չնայած դրանք որոշ փոփոխությունների ենթարկում են. «Օրինակ, ինտենսիվ այգիների ծրագիրը, որը պրակտիկայում չաշխատեց, որոշակի փոփոխություններ կատարեցինք»,–եզրափակեց Գեղամ Գեւորգյանը։











