ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակիցները նույնպես ստացել են պարգեւավճարներ։ Այսօր, հունվարի 31–ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունում պարգեւավճարները տրամադրվել են հավասարության սկզբունքով. «Մեկ աշխատավարձի ֆոնդի չափ, պայմանականորեն 13–րդ աշխատավարձ են ասում, նախարարությունում բոլորը պարգեւատրվել են»,–ասաց նա։

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ նախարարությունում պարգեւավճարները  տրամադրվում են ըստ հետեւյալ սկզբունքով. եթե տարվա ընթացքում աշխատավարձի ֆոնդում չօգտագործված միջոցներ կան, օրինակ, եթե ութ հաստիք է նախատեսված, բայց վեց հաստիքով է արվել տվյալ աշխատանքը, ապա վերջում այդ խնայողությունը օրենքի ուժով՝ որպես պարգեւավճար, կարղ է վճարվել աշխատած անձանց.  «Ինչպես բոլոր պետական կառույցները, այնպես էլ մենք ծրագրային խնայողություններ ենք ունեցել։  Իմ անձնական կարծիքն այն է, որ պարգեւավճարը խրախուսանքի միջոց է եւ պետք է տրվի այն անձնաց, ովքեր ավելի արտադրողական են եւ ովքեր ավելի ակտիվ մասնակցում են աշխատանքային գործընթացներում, բայց նախարարությունում կան ղեկավարներ, ովքեր իրենք են որոշում, թե ինչպես պարգեւատրել իրենց աշխատակիցներին, հակված են ավելի համամասնական մոտեցումների»,–եզրափակեց նա։