Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ հունվարի 28–ի լույս 29–ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որնցից 2–ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը, եւս մեկ անձ էլ ունի կասկածյալի կարգավիճակ։

NEWS.am–ի տեղեկություններով՝  կալանավորվածներից մեկը Արթուր Վարդանյանն է, ում մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Մյուս կալանավորվածը Վարդան Գրիգորյանն է, նա  մեղադրվում է խմբի կազմում  խուլիգանություն կատարելու համար։

Մեր տեղեկություններով՝ Գրիգորյանը Աբովյանում գտնվող վուլկանիզացիաներից մեկի աշխատակիցն է։ Ըստ գործի նյութերի՝  միջադեպի պատճառը վուլանիզացիայում տեղի ունեցած վիճաբանությունն էր։ Նախնական վարկածի համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր,  Շշի Մելո մականունով հայտնի Մալիք Մանուկյանի հարազատներն այցելել են վուլկանիզացիա, որտեղ հրաժարվել են նրանց սպասարկել իրենց հետ լավ տոնով չխոսելու, ապա նաեւ աշխատանքային ժամը ավարտվելու պատճառաբանությամբ։ Սկսված վիճաբանությունն ավելի ուշ շարունակվել է նախկին պատգամավորին պատկանող «Պարտեզ» ռեստորանի մոտ, որտեղ արդեն կողմերը գործի են դրել 4 տեսակի զենք։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ գործով կասկածյալի եւ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 10 անձ։

Ավելի վաղ  տեղեկացրել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։

Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գեւորգյանը՝ ծնված 1989թ., եւս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձը), 235-րդ հոդվածի 1-ին մասի(Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, կրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով։

Գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Մելիք Մանուկյանի 24–ամյա որդին՝ Շանթ Մանուկյանը։