Երեք մարտկոցի գողություն բացահայտվել է։ Այս մասին NEWS.am–ին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։

Հունվարի 27–ին Շենգավիթի Ոստիկանության քրեական հետախույզները գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել։ Վաղ առավոտյան ժամը 5։00–ի սահմաններում ավտոմեքենայից մարտկոց գողանալու կասկածանքով Ոստիկանության Շենգավիթ բաժին բերման է ենթարկվել 40–ամյա Գարիկ Պետրոսյանը։ Նա ոստիկաններին ներկայացրել է գողացած մարտկոցն ու հայտնել, որ ժամը 3։30–ի սահմաններում այն գողացել է Չեխովի 34 շենքի մոտ կայանված ավտոմեքնեայից։ Գողացված մարտկոցն առգրավվել է։ Ոստիկանները շուտով պարզել են տուժողի ինքնությունը, հրավիրել բաժին և հաղորդում ընդունել։

Հաջորդ օրը՝ հունվարի 28–ին, Ոստիկանության Շենգավիթի քրեական հետախուզության բաժանմունքում ստացվել է ավտոմեքենայի մարտկոցի գողության վերաբերյալ հերթական տեղեկությունը։ Անհայտ անձը գողացել էր Հովսեփյան փողոցում կայանած Օփելի էլեկտրական մարտկոցը։ «Փորձառու քրեական հետախույզներից քիչ ժամանակ պահանջվեց գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու համար»,– նշվում է Ոստիկանության պատրաստած տեսանյութում։

Նույն օրը ժամը 18։00–ի սահմաններում Շենգավիթի 14–րդ փողոցի տներից մեկից գողությունը կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկվել 26–ամյա Տիգրան Մինասյանը։ Պարզվել է, որ նա մարտկոցը գողացել էր մեքենայի շարժիչի կափարիչը տեխնիկական միջոցով բացելու միջոցով։ Գողոններն առգրավվել են։

Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվել, քննությունը շարունակվում է։