«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը դեմ է, որ մի քանի անբարեխիղճ ձկնաբույծների պատճառով տուժեն ոլորտի բոլոր տնտեսվարողները։

«Ես չեմ համարում ձկնաբույծ ո´չ Ալեքսանյան Սամվելին, ո´չ Աբրահամյան Հովիկին և այդ կարգի մի քանի օլիգարխների, նրանք ուղղակի ոլորտը փորձել են անընդհատ մոնոպոլիզացնել։ Խնդրում եմ մեզ չկապել կոնկրետ այդ մի քանի օլիգարխների հետ։ Ձկնաբույծները պահում են պետության, բնապահպանության, ձկնաբույծի շահերը։ Բարեխիղճ ձկնաբույծները խի՞ պիտի պատասխան տան Ալեքսանյան Սամվելի, կամ էն մեկի համար»,–  այսօր՝ փետրվարի 5–ին, Հանրային բնապահպանական դատարանի առաջին նիստին ասաց Արմեն Բունիաթյանը։

Նրա խոսքով՝  Արարատյան դաշտի ստորգետնյա ջրի պաշարները վերականգնելու համար ձկնաբույծներն իրենց տնտեսություններում ջրօգտագործման քանակը կրճատել են 30%-ով. «Իմ տնտեսությունում թույլտվությունը եղել է 850 լիտր, բայց նվազեցվեց 500 լիտրի։ Ունենք տնտեսություններ, որոնք վայրկյանում 7000 լիտր ջուր են օգտագործել։ Դրանցից մեկը «Յունիֆիշն» էր։ Ի՞նչ իրավունքով է այն ժամանակվա բնապահպանության նախարար Արամ Հարութունյանը 1 տնտեսությանն այդքան ջուր տրամադրել»,– ասաց նա։

Արմեն Բունիաթյանը չի ցանկանում ձկնաբույծների անունը կապել Արարատյան արտեզյան ավազանը անխնա օգտագործողների հետ, կոչ է անում, որ այս հարցում պատասխան տան նրանք, ովքեր չարաշահումներ են արել։

Հիշեցնենք, որ Հանրային բնապահպանական դատարանը փետրվարի 5-ին կայացրել է իր առաջին վճիռը, ըստ որի Արարատյան դաշտում ձկնաբուծության հետևանքով կատարվել է ստորգետնյա ջրերի անխնա օգտագործում, տեղի է ունեցել բնապահպանական հանցագործություն։ Վճիռը ուղարկվելու է իրավապահ մարմիններին եւ ՀՀ կառավարությանը` Արարատյան դաշտում ջրային պաշարների օգտագործման վերաբերյալ մեղավորներին գտնելու եւ էկոհամակարգը վերականգնելու համար։