Արցախում բանտարկված ադրբեջանցի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ազատ է արձակվել։ Նրան Արցախի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, ժամկետը լրացել է փետրվարի 2-ին: Հուսեյնզադեն ծառայել է ադրբեջանական մոտոհրաձային բրիադի հետախուզական վաշտում, ձերբակալվել է 2017-ի փետրվարի 1-ին Պաշտպանության բանակի մարտական դիրքում։ Այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ դիվերսիայի փորձ էր արել․ նա այդ խմբից էր։ «Արցախում միայն ազգային պատկանելիության համար մարդկանց չեն պահում կամ տանջում, դա խորթ է մեր քաղաքակրթությանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նա ասաց, որ Էլնուր Հուսեյնզադեն չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան եւ կմեկնի երրորդ երկիր, թե ուր, չի հրապարակվում, քանի որ, ըստ Բաբայանի, հետագայում հնարավոր է ադրբեջանական կողմը հետապնդի նրան։
Պետական օրհներգը փոխելու մտքից Ազգային Ժողովի փոխնախագահը չի հրաժարվի, նրան ոգեւորել են, թե հետ քայլ չանի, նա էլ այսօր հայտարարեց, որ գործընթացը շարունակվում է, ինքը ձգտում է գտնել միջանկյալ տարբերակ, որ բոլորի սրտով լինի։ Իսկ ոտքի չկանգնեցնող այս օրհներգի շուրջ, Ալեն Սիմոնյանի կարծիքով, ակնհայտ է, որ կոնսենսուս չկա։ Իտալացու աղջկա երգի կարիքը, ասաց, մենք չունենք, համաձայն է՝ դա մեր պատմությունն է, պիտի հիշենք այդ երգը եւ հիշելով առաջ գնանք։
Նոր ցույցեր են հասունանում․ փոողոց փակել են սպառնում տաքսու վարորդները։ Այսօր նրանց ներկայացուցիչները ասուլիսի էին եկել տուգանքների թղթերով եւ պահանջում էին դրանց զրոյացում՝ նոր համաներմամբ։ Տաքսիստները նաեւ պահանջում են փողոցներից հանել տեսախցիկները, մաքրել կարմիր գծերը։ Եթե այս պահանջները չկատարվեն, հետհեղափոխական համաներում էլ չլինի, խոստանում են փողոցներ փակելով պահանջել քաղքապետ Հայկ Մարությանի հրաժարականը։
Քրեական գործ է հարուցվել «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ։ Քաղաքացին իրավապահներին հայտնել է, որ Վանեսյանը իրենից 3000 դոլար կաշառք է պահանջել աշխատանքի ընդունվելու համար, կաշառքը վերցրել է, բայց գործը չի արել: Քաղաքացին, տեսնելով, որ տնօրենը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։ Վանեսյանը քրեական գործում ներգրավված է որպես կասկածյալ եւ բնակության վայրից չհեռանալու ստորագրություն է տվել։ Նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմներից է:
Անհավանական պար փոքրիկ հնարքով։ Բրազիլական Կույաբե քաղաքում անվասայլակով փեսացուն ոտքի է կագնում, որպեսզի պարի հարսնացուի հետ։ Սերը հաղթել է՝ առանց հրաշքի․ փեսացուի հայրն ու եղբայրը իրենց ոտքերը կապել են նրա ոտքերին, եւ երիտասարդը կանգնել ու պարել է նրանց ոտքերի օգնությամբ։
Դոլարի վերելքը շարունակվում է, փոխարժեքն այսօր կազմել է 487 դրամ, եվրոն 556 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 634 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը կայուն է՝ կազմել է 7 ու 45 դրամ:
Փետրվարի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +9+11։











