Սահմանամերձ գյուղերի հարկային արտոնությունները լուրջ խթան են տնտեսական ակտիվության համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Սակայն պետք է արձանագրել, որ սա դեռեւս չի ռեալիզացվել Հայաստանում։ Կան մի քանի դեպքեր, ի դեպ, հաջողված։ Մենք պետք է շատ խոսենք այդ հաջողված դեպքերի, հարկային արտոնությունների մասին, ինչպես նաեւ գործարարներին այդ արտոնությունների ընձեռած հնարավորությունների մասին»,-ասաց Չոբանյանը։

Չոբանյանը նաեւ ընդգծեց, որ մարզում կան հսկայական հնարավորություններ ներդրումներ կատարելու համար. «գյուղմթերքի վերամշակումը պետք է լինի այն հիմնական ուղղությունը: Բացի այդ, սահմանամերձ գոտիներում բիզնես հիմնելու համար գործարարներին անհրաժեշտ են նաեւ որոշակի երաշխիքներ: Հանրապետության տարածքում ամենաշատ հարկային արտոնություններ ունեցող բնակավայրերը հենց Տավուշի մարզում են գտնվում:

Տավուշն ունի երկու առավելություն, առաջինը՝ հարկային արտոնություններն են, որոնք  տրվում են ցանկացած արտադրության համար, երկրորդ՝ այն մոտ է Վրաստանի սահմանին. մենք պետք է դիտարկենք նաեւ արտահանման հնարավորությունները»,-հայտարարեց մարզպետը:

Հարցին, թե, արդյոք հնարավոր է՝ առաջիկայում Տավուշում արեւային պանելների արտադրություն լինի, նորանշանակ մարզպետը նշեց. « Ցանկացած տեխնոլոգիական ուղղություն Հայաստանի համար համարվում է առաջնային, որովհետեւ դա ոչ միայն ժամանակակից եւ մրցունակ ոլորտ է, այլեւ դրա զարգացումն անխուսափելի է»։