Առաջին անգամ եմ լսում, որ տարբեր գերատեսչությունների պարգեւավճարների մեծ մասը ուղղվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«Առաջին անգամ եմ նման բան լսում, բայց հաստատապես նման տեղեկություն չունեմ: «Իմ քայլը» հիմնադրամին 110 տարբեր կազմակերպություն եւ անհատ է նվիրատվություն արել, եւ ես չգիտեմ՝ ովքեր են եղել: Եթե որեւիցե մեկը որոշել է իր պարգեւավճարը նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադեւրամին, գուցե եւ եղել է, բայց ես դրանից տեղյակ չեմ», - ասաց Հակոբյանը:

Դիտարկմանը, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանն էր հայտարարել, որ հիմնադրամին է փոխանցել իր պարգևավճարը, նաև տեղեկություններ կային, որ մարզպետներն էլ ստիպողաբար են փոխանցել պարգևավճարները, վարչապետի տիկինը նշեց․ «Չկա նման բան, եթե նույնիսկ հարցնեք՝ ի՞նչ պաշտոն է զբաղեցնում Ինեսսա Գաբայանը, չեմ կարող ասել, որովհետև չեմ ճանաչում, մարզպետներին էլ չեմ ճանաչում։ Ուղղակի անհեթեթություն է։ Ինչես կարող էին մարզպետները ստիպողաբար փոխանցել, եթե նրանց անձամբ չեմ ճանարում»։