Ցեմենտի մաքսային դրույքաչափերի բարձրացմանն ուղղված օրենսդրական նախագիծն ուղղված չէ Հայաստանում ցեմենտ արտադրող երկու ընկերությունների շահերն առաջ տանելուն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա նշեց, որ Հայաստանում ցեմենտի արտադրությունում ընդգրկված են հազարավոր քաղաքացիներ, երկու ընկերություն՝ Հրազդանի ցեմենտի գործարանը եւ Արարատի ցեմենտի գործարանը, որը պատկանում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։
Պատգամավորի կարծիքով՝ եթե գործող գներով այս ընկերությունները չկարողանան մրցակցել ներկրված ավելի էժան ցեմենտի հետ, բնականաբար կառավարությունը պետք է նախանձախնդիր լինի պաշտպանելու տեղական արտադրողին:
«Կլինի Գագիկ Ծառուկյանը, թե կլինեմ ես, կամ դուք, եթե մենք արտադրություն ունենք, որտեղ հազարից ավելի մարդիկ ապահովված են աշխատանքով եւ նաեւ հարկերը վճարում են ժամանակին, եւ նաեւ արտադրանքը խիստ անհրաժեշտ է երկրին, մենք պետք է պաշտպանենք մեր արտադրողին եւ արված է քայլ, որը պաշտպանում է արտադրողի շահերը, այստեղ անձնավորված չնայեք, չէ՞ որ Հրազդան գործարանն էլ հո Գագիկ Ծառուկյանինը չէ»,- ասաց նա:
Ըստ նրա, անարդար կլինի, որ Հայաստանն իր արտադրողին չպաշտպանի, քանի որ Իրանն իր արտադրողին պաշտպանում է, եւ այդ արտադրողը ներխուժում է մեր դաշտ ու դուրս մղում մեր արտադրողին:
«Դուք համաձա՞յն եք, որ այդ անհավասար պայմանները թույլ տանք, որ մեր արտադրողները դուրս գան, այսօր ցեմենտի գործարանը, վաղը «Գրանտ Քենդին», մյուս օրն էլ այլ արտադրողները չկարողանան մրցակցել, մենք տանուլ կտանք, մենք պետք է է պաշտպանենք մեր տեղական արտադրողին եւ դա մենք առաջընթաց քայլ ենք համարում Կառավարության կողմից։ Մեր բոլոր արտադրողներին մենք պետք է պաշտպանենք»,- ասաց նա։











