NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 22–ին Աղվերանի  սարում  ֆրանսիացի լեռանգնացի հետ կատարված դժբախտ դեպքի մասին։

Մեր տեղեկություններով՝  լեռնագնացը տեղանքը զննելու նպատակով առաջ է անցել խմբի մյուս անդամներից, ապա որոշ ժամանակ անց հայտնվել ձնահոսքի տակ։  Անհետացած ընկերոջը լեռնագնացները հայտնաբերել են GPS-ի միջոցով։ «911» ծառայությունում ստացված ահազանգից հետո առաջինը ոտքով դեպքի վայր է մեկնել Հրազդանի փրկարարական ջոկատի արագ արձագանքման խումբը, ապա նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, իսկ ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը:

ՀՀ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակված  դատաբժշկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել, կատարվում է հետաքննություն։

NEWS.am–ի տեղեկություններով՝ ներկայումս քննարկվում է ֆրանսիայի քաղաքացու դին Ֆրանսիա տեղափոխելու հարցը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել է Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, որտեղ  լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը։ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին մահացել է ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում։ Նրա դին ՊՆ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան քաղաք, իսկ մյուս 4 լեռնագնացներին փրկարարներն ուղեկցել են «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց: