Ավարտվել է կառավարող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության հերթական փակ նիստը, որտեղ այս անգամ քննարկվել է վարչապետի կուսակցության պատգամավորների՝ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 11-րդ տարելիցի երթին մասնակցության ձեւաչափը։
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք վերջնական որոշում չեն կայացրել՝ արդյո՞ք պարտադիր է կառավարող խմբակցության պատգամավորների մասնակցությունը, թե՞ այն կկրի ավելի ազատ բնույթ։ «Առաջարկությունների քննարկման համար ձեւավորվեց աշխատանքային խումբ։ Գուցե մասնակցության հետ կապված ներկայացվի համապատասխան հայտարարության տեքստ, որում կճշտենք մասնակցության ձեւաչափը։ Եղան պատգամավորներ, ովքեր ասում էին, որ պետք է համատեղ մասնակցել այդ միջոցառմանը։ Իսկ մյուսները կարծում էին, որ որոշումը պետք է ընդունվի ազատ»,- ասել է կառավարող դաշինքի խմբակցության քարտուղարը։
Ի պատասխան ԶԼՄ-ում այն հաղորդումը մեկնաբանելու խնդրանքի, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է պարտադրել իր ընկերությունների աշխատակիցներին մասնակցել գործող իշխանությունների կազմակերպած երթին՝ ի հիշատակ 2008 թվականի հետընտրական իրադարձությունների զոհերի, Սիմիդյանը հավաստիացրել է, որ փակ նիստի ընթացքում իրենց խմբակցությունն այդ հարցը չի քննարկել։ «Դուք կարծում եք, որ մեր նիստի ընթացքում մենք քննարկել ենք հարցեր՝ կապված որքան հնարավոր է շատ մարդ ներգրավելու հե՞տ։ Բնականաբար, մենք պետք է տեղեկացնենք բնակչությանը, բայց ոչ թե մարդկանց բերել այնտեղ։ Մենք որեւէ անհանգստություն չունենք, որպեսզի էլի մարդիկ ներգրավենք»,- ասել է նա։
Միեւնույն ժամանակ, խորհրդարանականն ավելացրել է, որ իրենց ակցիային, ցանկության դեպքում, կարող են միանալ նաեւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները, քանի որ դա «մի կուսակցության անդամների երթ չէ»։
Նիկոլ Փաշինյանի զինակիցը ճշգրտել է, որ նախատեսվում է միայն երթ անցկացնել՝ առանց որեւէ ելույթի։ Նա չի բացառել, որ վարչապետն այդ նույն օրը դիմի քաղաքացիներին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ։ «Սակայն վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ առայժմ չկա»,- ամփոփել է Հակոբ Սիմիդյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին նախատեսում է իր կողմնակիցների երթ անցկացնել Երեւանում, 2008 թվականի ողբերգական իրադարձությունների տարելիցին, երբ իշխանություն-ընդդիմություն դիմակայությունում զոհվեցին 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 ծառայող։











