Կառավարության այսօրվա՝ փետրվարի 28-ի նիստի սկզբում նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ցանկանում է հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին:

«31 տարի առաջ բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի եւ բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում ջարդեր: Սումգայիթում ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ եւ ռասսայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները: Նման դեպքերը եզակի չեն եղել մեր պատմության մեջ: Կարծում եմ՝ մենք պատմությունից մեր դասերը սերտել ենք»,-ասաց Ավինյանը:

Կառավարության անդամները ոտքի կանգնեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: