Երեւանում տեղի ունեցան Սումգայիթում հայկական ջարդերի տարելիցին նվրված սգո միջոցառումներ:
Սումգայիթյան ջարդերի վկաները, զոհերի հարազատները և այլ քաղաքացիներ հավաքվել էին հայկական խաչքարի մոտ, որը տեղադրված է Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող ծառուղում:
Շուտով նրանց միացան իշխող «Իմ քայլը» դաշինքից ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, հայտնի քաղաքագետներ եւ հասարակական գործիչներ:
Ավելի վաղ Ծիծեռնակաբերդի բարձունք էր այցելելնախագահ Արմեն Սարգսյանը ՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
«Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար կազմակերպվեց հայերի դեմ:
Ազգային թշնամանքի հողի վրա մեր հարյուրավոր հայրենակիցներ սպանվեցին, մյուսները ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ահավոր հանցագործությունը խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից, արժանանա ճանաչման ու ճիշտ գնահատականի»:
Հանրապետության նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ հարգանքի տուրք է մատուցել նաև 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Սգո միջոցառումը լուսաբանելու էր եկել «Ռոսիա 24» հեռուստաալիքի նկարահանող խումբը:
«Ինձ թվում է՝ Ադրբեջանի իշխանությունները հրաշալի հասկանում են, որ միջազգային հանրությունը եւ տեղեկատվական դարը նրանց թույլ չեն տա շարունակել իրենց խաբեության եւ կեղծարարության քաղաքականությունը: Այս մասին է վկայում նաեւ այն ակցիան, որը մեկ օր առաջ անցկացվել էր Բաքվում: Ինձ թվում է՝ նրանք դա արել էին իրենց անելանելիության պատճառով»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն իր հերթին հայտնեց, որ ԼՀ պատգամավորները խորհրդարանական 3 հանձնաժողովներում բարձրացրել են սումգայիթյան ջարդերի հարցը՝ դրանց հետագա դատապարտման համար: Նա հավելեց, որ ռազմագերի Կարեն Ղազարյանի հարցով, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից ներկայացվել է որպես դիվերսանտ եւ դատապարտվել 20 տարվա ազատազրկման, նույնպես նախատեսվում է հանդիպում անցկացնել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ հետագա գործողությունները քննարկելու համար:











